Պատկերավոր ասած, դուք փչացած մթերքը դրել եք սառնարանը, հետո ասում եք՝ սառնարանը լավ չի աշխատում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության աշխատանքի որակին ու այն լուծարելու նախաձեռնությանը:

Դիտարկմանը, որ տարիներ շարունակ մշակութային արժեքները աղճատվել են, ռաբիզ երգիչներին կոչումներ են տրվել, հուշարձանները սխալ են վերանորոգվել, Անտինյանն ասաց. «Նախարարության կառուցվա՞ծքն է մեղավոր, որ քաղաքական որոշում կայացնողները ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ներն օգտագործել են իրենց ֆինանսական կարողությունները ավելացնելու համար: Նախարարության կառուցվա՞ծքն է մեղավոր, որ ռաբիզ երգիչներին տվել են պետական բարձր կոչումներ»:

Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն էլ հավելեց. «Նախարարության մասնագետն իր կարծիքը տվել է, գնացել հասել է որոշում կայացնողներին, նրանք այլ որոշում են կայացրել: Մենք տարիներ շարունակ մեր ներքին ընդվզումն ու բողոքները, որ շատ հաճախ վախի մթնոլորտի տակ է եղել, չենք կարողացել բարձրաձայնել: Դուք ասում եք՝ ռաբիզները ստացան կոչումներ, ես վստահեցնում եմ, որ նախարարությունից այդպիսի փաստաթուղթ դուրս չի եկել»: