Օրերս գրավի դիմաց կալանքից ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան բժշկական միջամտության է ենթարկվել։ Այսօր՝ դեկտեմբերի 24–ին լրագրողների հետ հանդիպմանը Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական միջամտության է ենթարկվել շտապօգնության բժիշկների կողմից։

Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները վեց ամիս է՝ բարձրաձայնում են, որ 62–ամյա Մանվել Գրիգորյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, եւ մի քանի անգամ խափանման միջոցը փոխելու ապարդյուն փորձ էին արել։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: