«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դատական  հայց կներկայացնի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության դեմ՝ իրեն գաղտնալսելու հետ կապված։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը։

 «Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած  որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին ասեմ, որ այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ գաղտնալսումների նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում եւ ես դատի եմ տալու ՀՀ ոստիկանությանը եւ ԱԱԾ–ին անօրինական գաղտնալսումների համար»,- ասաց Կարո Եղնուկյանը՝ նշելով, որ իմ կամքից անկախ, տարիներ շարունակ իր մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում։

Կարո Եղնուկյանի խոսքով՝ 2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ իր հեռախոսները գաղտնալսելու համար՝ պատճառաբանելով, որ օպերատիվ տեղեկություններ կան, թե նա «Սասնա ծռերին» փորձել է ապահովել ռադիոկապով.

Եղնուկյանը նշեց, որ հեղափոխությունից հետո ինքը դիմել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, որպեսզի իրեն տրամադրեն եղած օպերատիվ տվյալները, ու հավաստիացում ստանա, որ այսուհետ իր ու իր ընտանիքի անդամների իրավունքները չեն խախտվելու:

«ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվեն միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: Սա ենթադրում է նաև, որ գաղտնալսումները չեն եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար»,–ասաց Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանն խոսքով՝ պետությունը  խախտել է  իր՝ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»:

Նրա խոսքով՝ այդ գաղտնալսող սարքերը բնակարաններում տեղադրելը բարդ  գործ չէ. «Եղել են խուզարկություններ, այդ խուզարկությունների ժամանակ կարող էին տեղադրել: Նույնիսկ երբ տուն էի գալիս, ասում էի՝ տղերք ես եկել եմ տանն եմ, կարող եք միացնել սարքերը»։

Նշենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ, նրա խափանման միջոցը գրավով փոխվել է, գործը դատարանում ընթացքի մեջ է։