Թիվ 0038 հրամանը եւ Մարտի 1-ի իրադարձությունները իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«0038 հրամանը ինքն իրենով չի ներկայացնում որեւէ խնդիր, ինքն իրենով չի առաջացրել որեւէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը օրեր շարունակ տեւող ցույցերին, ինչի մասին հստակ տվյալներ կային, որ աշխատանքներ էին տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին բերեն Ազատության հրապարակ, եւ նրանք նույնպես սկսեին մասնակցել այդ քաղաքական պրոցեսներին։ Հստակ կարող եմ ասել, որ 0038 հրամանը, երբ որ դուք էլ դրա ամբողջական տեքստը կունենաք, կհամոզվեք, որ որեւէ բացասական արդյունքներ չի առաջացրել։ Թիվ 0038 հրամանը եւ Մարտի 1-ի իրադարձությունները իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն»,- ասաց պաշտպանը։

Ալումյանի խոսքով՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը նախագահական ընտրություններից հետո դիմել է Սահմանադրական դատարան եւ զուգահեռ ցույցեր է անցկացրել, որոնց մինչեւ Մարտի 1-ը ոչ ոք չի խոչընդոտել, դրանից հետո ցույցերին բանակի ներքաշման մասին տեղեկություններ են ստացվել․ «Մտահոգիչ տեղեկություններ կային, որ զինվորականները պետք է գան հրապարակ եւ իրենց զենքը շրջեն իշխանությունների դեմ։ Հիմա կան այդպիսի տվյալներ, 2 փոխնախարար բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, կա գործող զինվորական դատախազ, որը ցույց է անում պարոն Տեր-Պետրոսյանի հետ միասին Ազատության հրապարակում, ԵԿՄ-ում մի շարք բարձրաստիճան սպաների մասնակցությամբ գիշեր-ցերեկ քննարկումներ են տեղի ունենում միանալ ցուցարարներին եւ դրա հետ միասին օպերատիվ տվյալներ են ստացվում, որ որոշ զորամասերում աշխատանք է տարվում, որ զինվորականները գան եւ  միանան ցուցարարներին։ Վերջին օրերին այդ խռովարար փոխնախարարներից մեկն էլ՝ Մելքոնյանն ասաց, որ այո, Հատուկ գնդի 80 տոկոսն այդ օրերին պատրաստ է եղել միանալ ցուցարարներին։ Եվ 0038 հրամանի միակ նպատակն այն էր, որպեսզի թույլ չտար նման զարգացումները»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ քրեական  դատարանը որոշումը կայցրել էր դեկտեմբերի 7-ին, նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: