Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են կառավարության մտադրության դեմ, որով նախատեսվում է լուծարել մշակույթի նախարարությունը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս պահին մշակույթի նախարարության կողմից դիմում են պատրաստել վարչապետին, հիմա ստորագրում են, որ փոխանցեն վարչապետին: Նամակում հիմնավորումն է, թե ինչու է պետք Մշակույթի նախարարությունը պահել որպես առանձին նախարարություն:

Նախարարության աշխատակիցները վրդովված են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել. «Մենք երեկ ենք սրա մասին իմացել: Էլեկտրոնային համակարգով եկել է որոշման նախագիծ, որ մինչեւ հունվարի 1-ը Մշակույթի նախարարությունը մի մասով միանում է ԿԳ նախարարությանը, մյուս մասով միանում է քաղաքաշինությանը:

Վրդովված ենք, որովհետեւ որչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել: Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ոնց են որոշել»,-ասաց աշխատըակիցներից մեկը:

Նրանք տեղկացրեին, որ նախօրեին հանդիպում է եղել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ. «Տիկին նախարարը երեկ մեզ հավաքել էր, խոսեց որոշման նախագծի մասին, ասաց, որ ոչ ոք իր աշխատատեղը չի կորցնելու»:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։