Մոսկվայի մարզի Դոմոդեդովո շրջանում կենցաղային գազի թունավորման հետեւանքով 5 մարդ է մահացել, զոհերի եւ տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան, փոխանցում է    МК.RU–ն։ 

Բժիշկները պայքարում են տուժածներից մեկի կյանքը փրկելու համար։ «МК»–ին  հայտնի է դարձել, որ ողբերգությունը տեղի է ունեցել Շեստովո գյուղում, որտեղ մասնավոր հյուրանոց է կառուցվում։ Եկվոր 6 աշխատողների համար (երեքը Հայաստանից են, երեքը՝ Ուզբեկստանից) սովորական կեցավայրը վերածվել է գազախցիկի։ Կիրակի՝ դեկտեմբերի 16–ի առավոտյան գործընկերները նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում։ Շինարարները շտապ օգնություն են կանչել։

Բժիշկները արձանագրել են 5 աշխատողների մահը։ Եվս մեկը ողջ էր, նրան ծանր վիճակում տեղափոխել են Վիդնոյե քաղաքի հիվանդանոց։ Ըստ բժիշկների վարկածի՝ ողբերգության պատճառը, հավանաբար, կենցաղային գազով թունավորումն է։ Քննիչները նրանց կեցավայրում գազի բալոն են հայտնաբերել, որով միգրանտները տաքանում էին։ Դրանից բացի, նրանք գիշերը խմել են։ Տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, քնել են եւ չեն նկատել, թե գազօջախն ինչպես է հանգել։

Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի մարզի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիյը հայտնել է, որ քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Նշանակված է մահացացածների դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Մայրուղուն հարող այս տեղամասում սկզբում ավտոտնակային  համալիր է կառուցվել։ Սակայն տերերը որոշել են, որ այս բիզնեսը շահույթ չի ապահովի, եւ շենքը քանդել են։ Իսկ այնուհետեւ հաշված ամիսների ընթացքում տեղում հյուրանոց են կառուցել։ Գյուղի բնակիչների հաշվարկով՝ խոշոր կառույցում աշխատում է մի քանի տասնյակ բանվոր։ Բոլորը եկվորներ են, վարում են ներփակ կենսակերպ եւ տեղացիների հետ չեն շփվում։ Ներկայումս հյուրանոցում ընթանում են երեսապատման աշխատանքներ։