Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն ազատ է արձակվել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը:

Ջանջոյանը նաեւ հայտնել է, որ Սպարտակ անունով երկրպագուն հնարավոր է նաեւ խուսափի վարչական տուգանքից:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: Այդ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:

«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում, իսկ «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին շվեյցարական Նիոնում: